Ջուրը և շոգը

 

Ամառային եղանակը, մարդու օրգանիզմի վրա իր բարերար դրական ազդեցության հետ մեկտեղ, կարող է նաեւ առաջացնել առողջական վիճակի տարաբնույթ խանգարումներ, հատկապես, երբ օդի ջերմաստիճանը գերազանցում է մարդու նորմալ կենսագործունեությունն ապահովող միջին ջերմաստիճանային ցուցանիշը:

Ուլտրամանուշակագույն ճառագայթման հիմնական աղբյուրն արեւի ճառագայթումն է: Սակայն չափից ավելի քանակով ուլտրամանուշակագույն ճառագայթումը (ճառագայթման ինդեքսի նորման’ 7, ամռան ամիսներին հասնում է մինչեւ 12) վտանգավոր է եւ կարող է առաջացնել ինչպես սուր, այնպես էլ հեռավոր ախտահարումներ, մասնավորապես’ արեւային այրվածք (մաշկի կարմրություն, այտուց, ցավ, բշտերի գոյացում), արեւահարություն, ֆոտոկոնյուկտիվիտ (կոպերի ցավոտություն, կարմրություն, աչքերում ավազի զգացողություն, լուսավախություն, արցունքահոսություն), ֆոտոալերգիա, մաշկի չարորակ նորագոյացություններ’ մելանոմա: Տեղային ախտահարումները կարող են ուղեկցվել նաեւ ընդհանուր տոքսիկ երեւույթներով’ մարմնի ջերմաստիճանի բարձրացում, գլխացավ, սարսուռ, սրտխառնոց, փսխում: Նախարարությունը հիշեցնում է, որ ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտեսիվությունը բարձր է հատկապես 12:00 – 17:00-ն ընկած ժամանակահատվածում: Ուլտրամանուշակագույն ճառագայթման նկատմամբ խիստ զգայուն են երեխաները, ծերերը, հղիները եւ խրոնիկ հիվանդություններով տառապողները:

Օդի բարձր ջերմաստիճանը կարող է առաջացնել լուրջ անհարմարություններ բնակչության համար, ինչպես նաեւ առողջական խնդիրներ: Օդի բարձր ջերմաստիճանային պայմաններում, իր կենսագործունեության համար անհրաժեշտ հաստատուն ջերմաստիճան ապահովելու համար օրգանիզմի մի շարք օրգան-համակարգեր ստիպված շատ ավելի ինտենսիվ են աշխատում, հատկապես’ սիրտ-անոթային եւ շնչառական համակարգերը, ինչի արդյունքում առաջանում է գործունեության խանգարումներ: Բարձր ջերմաստիճանի ազդեցության տակ ներքին օրգաններից դեպի մաշկային եւ ենթամաշկային ծածկույթներ արյան տեղաբախշման հետ կապված, հաճախանում է պուլսը, բարձրանում է մարմնի ջերմաստիճանը, տատանվում զարկերակային ճնշումը, շնչառությունը կարող է հաճախանալ մոտ 2 անգամ: Բարձր ջերմաստիճանը կարող է բացասական ազդեցություն թողնել նաեւ կենտրոնական նյարդային համակարգի վրա’ իջնում է պայմանական ռեֆլեքսների ուժը, առաջանում են շարժողության խանգարումներ, աշխատունակության իջեցում, այն նաեւ կարող է արգելակել սեկրետոր գեղձերի հյութարտադրությունը:

Օրգանիզմի ջերմատվության հիմնական ուղին քրտնարտադրությունն է, որն ապահովում է ջերմատվության 85 տոկոսը: Սովորաբար օրվա ընթացքում մարդու օրգանիզմից գոլորշիանում է 2-2.5 լիտր հեղուկ: Շոգ եղանակին արտահոսքը կարող է հասնել մինչեւ 4 լիտրի: Ակտիվ քրտնարտադրության արդյունքում քրտինքի եւ արտաշնչած օդի հետ օրգանիզմից հեռանում են հանքային աղերը (նատրիում, կալիում, կալցիում, մագնեզիում եւ այլն), ջրալույծ վիտամինները: Արդյունքում մարդկանց մոտ կարող են առաջանալ թուլություն, գլխացավ, ապատիա, քնկոտություն, սաստիկ ծարավ: Գիտնականների հաշվարկով’ 1լ հեղուկ կորցնելու դեպքում մարդուն սկսում է տանջել ծարավի զգացումը, 2 լ-ի դեպքում նվազում է մտավոր գործունեության ունակությունը, 3 լ-ը պատճառ է դառնում գլխապտույտի, 4-ի կորուստն առաջացնում է սրտային նոպաներ: Օդի բարձր ջերմաստիճանի, ուլտրամանուշակագույն ճառագայթման բացասական ազդեցությունը մեղմելու, օրգանիզմի անցանկալի գերտաքացումը կանխելու, ինչպես նաեւ վարակիչ հիվանդություններից, սննդային թունավորումներից խուսափելու համար խորհուրդ է տրվում խուսափել արեւի ուղիղ ճառագայթներից, հատկապես’ 12:00-17:00 ընթացքում, աշխատել քայլել ստվերում, հնարավորինս պաշտպանվել ուլտրամանուշակագույն ճառագայթումից’ կրել գլխարկ, արեւային ակնոց, հովանոց, հագնել սպիտակ կամ բաց երանգների ազատ, օդաթափանց, բամբակյա կտորից հագուստ, օգտագործել սովորականից շատ ըմպելիքներ’ մոտ 3 լիտր օրական:

Սրտանոթային կամ միզասեռական համակարգի հիվանդություններով տառապող անձինք հեղուկներ պետք է ընդունեն միայն իրենց բուժող բժշկի հետ խորհրդակցելով: Նրանք պետք է ճշգրիտ կատարեն բուժող բժշկի ցուցումները, պարտաճանաչ կերպով լիարժեք ընդունեն բժշկի կողմից նշանակված բոլոր դեղամիջոցներ: Չի կարելի չարաշահել կոֆեին եւ շաքար պարունակող ըմպելիքները’ թե տաք, թե սառը վիճակում, արգելվում է գտնվել չօդափոխվող կամ վատ օդափոխվող տարածքներում, երկար ժամանակ մնալ արեւի տակ կայանված փոխադրամիջոցներում, երեխաներին չպետք է թողնել փակ պատուհաններով ավտոմեքենաներում, անհրաժեշտ է ամենօրյա աշխատանքները կատարել օրվա համեմատաբար զով ժամերին, ցերեկային ամենաշոգ ժամերին խուսափել բացօթյա ծանր ֆիզիկական աշխատանքից, ցանկալի է, որ երեխաները, հղիները, ծերերը, քրոնիկ հիվանդություններով տառապող մարդիկ ցերեկային ամենաշոգ ժամերին քնեն կամ պառկեն, քանի որ պառկած դիրքում հեշտանում է ջերմատվությունը եւ արյան շրջանառությունը

Մեկնաբանություն(ներ) (0)