Ինչ է դա

Ալկոհոլիզմը հարաճուն քրոնիկական ընթացքով հիվանդություն է, որի հիմնական ախտանիշն է սպիրտային խմիչքների հանդեպ ախտաբանական հակումը։

Հիվանդության ընթացքում կարող են զարգանալ տարբեր փսիխոտիկ, մարմնական և նյարդաբանական խանգարումներ: Ալկոհոլիզմը ձևավորվում է աստիճանաբար՝ սպիրտային խմիչքների տևական չարաշահման ֆոնի վրա։
Այն մշտապես ուղեկցվում է բազմաթիվ անբարենպաստ սոցիալական հետևանքներով, թե՛ հիվանդի, թե՛ հասարակության համար։
Ի տարբերություն ալկոհոլի չափավոր օգտագործման, ախտաբանական հակման ժամանակ ալկոհոլի գործածումը դառնում է ինքնանպատակ' հարբածության հասնելու միակ ճանապարհ։

Հակումը, մեծ մասամբ, այնքան արտահայտված է, որ կլանում է անհատի բոլոր մտքերն ու հետաքրքրությունները,հիշողություններն ու պատկերացումները, պայմանավորում է նրա վարքը, շփման միջավայրը, համակրանքներն ու հակակրանքները, մարդկային արժանապատվության գնահատականները և այլն։ Այլ կերպ ասած, հակվածությունը դառնում է յուրահատուկ աշխարհայացք և սկզբունքների համակարգ։ Ալկոհոլիզմը համարվում է սոցիալական չարիք և բազմիցս դարձել է բազում ընտանիքների, անձնային հարաբերությունների քայքայման պատճառ:

Խնդիրն արմատային է, իսկ պայքարը դրա դեմ լուրջ ու դժվարին աշխատանք է ներկայացնում, թե հասարակության և թե բժիշկների համար:

Մեկնաբանություն(ներ) (0)